Բաժին. Տնտեսական

ՀՀ-ն կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մաքսային միությանը և եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային համագործակցությանը և մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին զեկուցել են այդ ուղղությամբ անցկացված քննարկումների արդյունքների մասին: Վլադիմիր Գոշինը մանրամասներ է ներկայացրել ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի: Գործընթացը համակարգում է ՄՄ անդամ երեք երկրների փոխնախարարների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի աշխատանքներին այսուհետ կողմերի պայմանավորվածությամբ կմասնակցեն նաև հայկական կողմի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա մարտի 17-ին Մոսկվայում:

Share