Բաժին. Տնտեսական

Նախարար. «Դպրոցներում կա մոտ 15 հազար մասնագետի ավելցուկ»

Հայաստանի դպրոցներում այս պահին փաստացի աշխատում է 40 հազարից ավելի մանկավարժ, այն դեպքում, երբ պետությունը ֆինանսավորվում է շուրջ 25 հազար մանկավարժական հաստիք. այսինքն՝ մոտ 15 հազար մասնագետի ավելցուկ կա համակարգում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ՀՀ Ազգային ժողովում կառավարության և պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով կրթության ոլորտի մի շարք խնդիրների:

«Կառավարությունը դեմ է զանգվածային կրճատումներին և կարծում է, որ խնդիրը կարող է կարգավորվել դպրոցների ինքնավարության շրջանակում: Ինքնավարության ապահովումն առաջին հերթին դպրոցի ղեկավարության, ապա նաև տարածքային լիազոր մարմնի՝ մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի և Կրթության և գիտության նախարարության խնդիրն է: Մենք նաև վերանայել և փորձել ենք կարգավորել դպրոցների ուսումնաօժանդակ աշխատակազմի հարցը: Սակայն պետությունը դպրոցներում աշխատողների մանկավարժական և ոչ մանկավարժական որևէ հաստիք չի կրճատել, հակառակը՝ նախորդ տարիների համեմատ, այս տարի դպրոցական հաստիքների քանակն ավելի շատ է: Ուղղակի նպատակ է դրված ավելի արդյունավետ օգտագործել բյուջեի գումարները, ձերբազատել համակարգը, այսպես կոչված «մեռյալ հոգիներից»: Մենք առաջարկել ենք չափանիշներ, սակայն դրանք պարտադիր են կատարման միայն այն դեպքում, եթե դպրոցը չունի համապատասխան ֆինանսական ռեսուրս: Եթե դպրոցի բյուջեն թույլ է տալիս, նրանք կարող են մեկի փոխարեն երկու աշխատող պահել՝ որևէ մեկը չի արգելում»,- հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարը:

Share