Բաժին. Տնտեսական

Հանձնաժողովն արգելել է շվեյցարական «Հելվելեքս» ընկերությանը գնել «Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան» ընկերությունը

Գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող 2 ընկերություն դիմել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)՝ համակենտրոնացման, այլ կերպ ասած՝ միավորման թույլտվություն ստանալու համար:  

Մարտի 14-ին ՏՄՊՊՀ նիստում հրապարակվել է վերոնշյալ հարցի հետ կապված որոշումը. ՏՄՊՊՀ-ն արգելել է  շվեյցարական «Հելվելեքս» ընկերության և «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության միավորումը:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ ընթացիկ տարվանից հանձնաժողովն առավել խիստ վերահսկողություն է սահմանում համակետրոնացումների նկատմամբ: Հանձնաժողովի նպատակն է թույլ չտալ  նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը:

Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ է դիմել շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը, տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և  խնդրում է Հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար:

Ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը: Ի պատասխան Հանձնաժողովի հարցադրումների, թե շվեցարական ընկերությունը չունենալով միջոցներ ում հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնել: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս գործարքը խնդրահարույց է. տնտեսվարողները չեն ցանկանում բացահայտել իրական շահառուին և չի բացառվում որ գործարքը կեղծ է:

Share