Բաժին. Տնտեսական

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,4%-ով

Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.4% աճ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հաշվետու ամիսներին աճ է գրանցվել գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների և առևտրի ոլորտներում, մինչդեռ արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում:

Այսպես, հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 175,7 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով նվազելով 4%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.9%-ով և կազմել 39,7 մլրդ ՀՀ դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 152,7 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 3.8%-ով: Հանրապետությունում առևտրի շրջանառությունն աճել է 4,4%-ով և կազմել 277,5 մլրդ ՀՀ դրամ: Շինարարության համախառն ծավալը կազմել է 18,5 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 1,2% աճ:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկրում գնաճը կազմել է 5.1%:

2013 թվականին, 2012 թվականի համեմատ, մեր երկիրը գրանցել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,5% աճ:

Share