Բաժին. Տնտեսական

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով

Մարտի 31-ին Արմենիա-Մարիոթ հյուրանոցում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու հարցով աշխատանքային խմբի 4-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի տարբեր գերատեսչությունների, պետական այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները և փորձագետները:

Նիստի համանախագահներ` Ինտեգրման հիմանական ուղղությունների և մակրոտնտեսական հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար), Մաքսային Միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցով աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վալովայան և ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Կարինե Մինասյանը ողջունել են նիստի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք: Համանախագահները գոհունակությամբ փաստել են, որ միասնական ջանքերի շնորհիվ  երեք ամսվա ընթացքում հաջողվել է իրականացնել ծավալուն աշխատանք և հույս են հայտնել, որ առաջիկայում նույնպես կհաջողվի ժամանակին  և հաջողությամբ իրականացնել «Ճանապարհային քարտեզով»  նախանշված բոլոր առաջադրանքները: 

Նիստին քննարկվել է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («Ճանապարհային քարտեզի») իրականացման ընթացքը: Նշվել է, որ  «Ճանապարհային քարտեզի» 123 կետերից հայկական կողմն ամբողջությամբ իրականացրել է 98 կետերը, իսկ մնացած 28 կետերով աշխատանքը վերջնական փուլում է:

Նիստի օրակարգում էր նաև եվրասիական ինտեգրացիոն ծրագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի նախագծի պատրաստման ընթացքի վերաբերյալ հարցը: Քննարկման արդյունքում որոշվել է, որ պայմանագրի վերաբերյալ առաջարկությունները կամփոփվեն աշխատանքային խմբի հաջորդ նիստին:

Share