Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյան. ՍԴ որոշումը նշանակում է, որ կուտակային մուծումները պետք է կատարվեն

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՍԴ որոշմանը: Վարչապետը մասնավորապես ասել է. «Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքների որոշ դրույթներ համարեց Սահմանադրությանը հակասող և ժամանակ տվեց Ազգային ժողովին և կառավարությանը՝ մինչև սեպտեմբերի 30-ը շտկելու այն հոդվածները, որոնք հակասահմանադրական են:

Այսօր ես ձևավորելու եմ աշխատանքային խումբ, և դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին Ազգային ժողովին ներկայացնելու ենք օրենսդրական փաթեթ, որը հաշվի է առնելու բոլոր այն նորմերը, որոնք սահմանված են Սահմանադրական դատարանի որոշման մեջ, որպեսզի շտկենք օրենսդրությունը և վերացնենք հակասահմանադրական նորմերը, այսինքն, բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար՝ մեզ հետ միասին մասնակցել օրենսդրական այս փոփոխությունների մշակմանը՝ նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը:

Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից՝ ևս մեկ անգամ դիմում եմ քաղաքացիական հասարակությանը, այն ակտիվիստներին, ովքեր իրենց ուշադրության կենտրոնում են պահել պարտադիր կուտակային համակարգի օրենսդրությունը, հրավիրում եմ նրանց երկխոսության: Կարծում եմ, որ նաև նրանց համար է ստեղծվում այդ բացառիկ հնարավորությունը՝ այժմ աշխատել հանուն ավելի լավ օրենսդրության, որը հաշվի կառնի նաև Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Այնպես որ, մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ և օրենսդրության կատարելագործում, այդ ուղղությամբ անելիքներ ունենք: Բնականաբար, մեր հիմնական գերատեսչությունները, որոնք աշխատելու են այդ աշխատանքային խմբում, արդարադատության նախարարությունն է, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը: Իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի մենք մասնագիտական եզրակացություններ հնչեցնենք. ի՞նչ է դա նշանակում մեր տնտեսվարողների համար, մեր քաղաքացիների համար, եթե Սահմանադրական դատարանը մեզ տվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը: Դա նշանակում է, եթե ես ճիշտ եմ հասկանում, որ օրենքն այն տեսքով, ինչ տեսքով որ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, պետք է աշխատի մինչև սեպտեմբերի 30-ը, և մենք պետք է մինչև սեպտեմբերի 30-ը այդ հակասահմանադրական ճանաչված նորմերը վերանայենք: Այդպե՞ս է, պարոն Թովմասյան»:

Հրայր Թովմասյան – Ճիշտ եք, պարոն վարչապետ: Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետն է, համաձայն որի, վերջին դրույթն եմ ուղղակի ուզում հնչեցնել, նման պարագաներում օրենքը համարվում է սահմանադրական մինչև նրա ուժը կորցնելը, այսինքն՝ այս պահի դրությամբ դա կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում տեսության մեջ, մինչև սեպտեմբերի 30-ը, դա վերջնաժամկետն է, որ այդ դրույթները համարվում են սահմանադրական: Բայց այն պահին, երբ այդ փոփոխությունները կկատարվեն, այդ պահից այդ փոփոխություններն արդեն կմտնեն ուժի մեջ: Դա ուղղակի վերջնաժամկետն է, այսինքն՝ այդ փոփոխությունները որ պահին անենք, այդ ժամկետը կկասեցվի, և հետևաբար, նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ:

Տիգրան Սարգսյան – Շատ լավ: Այսինքն, հարգելի գործընկերներ, սա նշանակում է, որ մեր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է  մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և դա նշանակում է, որ բոլորը պետք է ղեկավարվեն գործող օրենքով, և մենք հնարավորություն ունենք մինչև սեպտեմբերի 30-ը շտկումներ կատարել այն հոդվածներում, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Այսինքն, այստեղ ամեն ինչ հստակ է: պարոն Թովմասյան, կխնդրեմ Ձեզ, որպեսզի Դուք նաև կառավարության նիստից հետո մոտենաք լրագրողներին և այդ մեկնաբանությունը հստակ ներկայացնեք նրանց, որպեսզի տարընթերցումներ չլինեն, և բոլորս նույն դիրքերից հանդես գանք:        

Share