Բաժին. Տնտեսական

ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտում 10.7 մլն դոլարի կապիտալ ներդրում կիրականացվի

Ապրիլի 4-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է պայմանագիր՝ ՀՀ, ք. Երևան, 0015, Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպման մասին:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և  «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը:

Պայմանագրի առարկա են հանդիսանում ազատ տնտեսական գոտու կազմակերպման, դրա տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների ապահովման, ԱՏԳ շահագործողների ներգրավման, լիազոր մարմնի կողմից վերահսկողության իրականացման արդյունքում առաջացող և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:

ԱՏԳ-ում գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտներում: ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 10 տարի է: 2014-2016 թթ. ընթացքում նախատեսվում է ԱՏԳ-ում ներգրավել մոտ 120 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 1,500 նոր աշխատատեղեր:

Ընկերությունը 10.72 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ է իրականացնելու՝ տարածքների ամբողջական վերանորոգման (ավարտը 2015թ.), գույքի ձեռք բերման, շինությունների հիմնանորոգման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման համար:

ԱՏԳ վերջնական հիմնանորոգված տարածքը կհասնի մոտ 32,400 ք.մ և կունենա.

•    Արտադրական տարածք` 12,750 քառ.մ
•    Ծառայությունների և գրասենյակային տարածք` 9,450 քառ.մ
•    Ցուցահանդեսային տարածք` 6,000 քառ.մ (ներառյալ 2,000 ք.մ.  մշտական ցուցահանդեսային տարածքը)
•    Օժանդակ տարածք (ավտոկայանատեղի, պահեստներ, չհրկիզվող պահարաններ)` 4,200 ք.մ:

Share