Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. ավտոմաքսատանը ստեղծված են բոլոր պայմանները` քաղաքացիների արագ և որակյալ սպասարկումն իրակացնելու համար

Այսօր առավոտյան Ավտոմեքենա ներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում անդրադարձել է ավտոմաքսատան գործունեությանը վերաբերող հարցերի, ինչի առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել: Մասնավորապես, հայտարարատուների համար հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով ավտոմաքսատանը տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող գործառույթները կենտրոնացվել են մեկ հարկի տակ: Այստեղ են գործում տեխզննում իրականացնող կառույցը, համապատասխան փորձագետները, ապահովագրական կազմակերպությունները, բանկային մասնաճյուղը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննչական բաժնի սպասարկման կենտրոնը, ինչը հնարավորություն է տալիս մեկ վայրում և մեկ ժամում` առանց մաքսատան շենքից դուրս գալու, իրականացնել ավտոմեքենայի մաքսազերծումը և ստանալ պետհամարանիշ: Ավտոմաքսատանը վերանորոգվել է նաև սպասարկման սրահը` նպաստելով առավել թափանցիկ և վերահսկելի աշխատաոճին: Եթե նախկինում մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար քաղաքացիները ստիպված էին սենյակից սենյակ գնալ, ապա այժմ բոլոր գործընթացներն իրականացվում են նոր սրահում «մեկ պատուհան»-ի սկզբունքով: Վերջին տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ ավտոմաքսազերծման ընթացակարգերի քանակը կրճատվել է կրկնակի անգամ, իսկ հերթականությունը դարձել է առավել համակարգված:

Նշենք, որ ավտոմաքսատանը կիրառվող բոլոր ընթացակարգերից միայն մաքսային ձևակերպումներին է առնչվում մաքսային բրոքերի գործունեությունը, որն, ի դեպ, իրականացվում է «մեկ պատուհան»-ի սկզբունքով, իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում օգտվել բրոքերային կազմակերպությունների ծառայություններից, կարող են ինքնահայտարարագրում կատարել: Ինչպես հանրապետության մյուս բոլոր մաքսատներում, այնպես էլ ավտոմաքսատանը ինքնահայտարարագրման համակարգը նախընտրողների համար հատկացված է հատուկ համակարգիչ: Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե ավտոմաքսատանը գործում է ընդամենը մեկ բրոքերային կազմակերպություն, դրանք իրականում չորսն են` «ՀՍԲԴ քաստմ սերվիս», «Սյուրեկա», «Բրոկուս», «Դեմե քաստմ» ՍՊ ընկերությունները, որոնք որևէ գործարք` մաքսային ձևակերպում, կանխիկ վճարումով չեն իրականացնում. բոլոր վճարումները կատարվում են բանկային փոխանցումներով` բացառելով հնարավոր չարաշահումների ռիսկը: Ավելորդ չէ նշել, որ անցյալ տարվա արդյունքներով հիշյալ կազմակերպությունները միայն շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով պետբյուջե են վճարել ավելի քան 460 միլիոն դրամ:  Հիշեցնենք նաև, որ հայտարարագրման գործընթացը պարունակում է մեծ ռիսկայնություն, քանի որ ձևակերպման ընթացքում սխալ հայտարարագրված տվյալը կարող է ընդհուպ մինչև մեքենայի մաքսային արժեքի չափով տուգանքի պատճառ հանդիսանալ:

Ավտոմաքսատանը ստեղծված են բոլոր պայմանները` քաղաքացիների արագ և որակյալ սպասարկումն իրակացնելու համար, սակայն Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է քննարկել նաև կառուցողական առաջարկները:

Share