Բաժին. Տնտեսական

Ամերիկյան բանկերը 60%-ով կրճատել են հիփոթեքային վարկավորման ծավալները

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ-ի բանկերը տրամադրել են 226 մլրդ ԱՄՆ դոլարի հիփոթեքային վարկեր: FBR Capital Markets-ի տվյալներով` նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 60%-ով: Արդյունքում, գրանցվել է 1997 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշը: Նշենք, որ 1997 թվականի առաջին եռամսյակում ամերիկյան բանկերը տրամադրել էին 240 մլրդ ԱՄՆ դոլարի հիփոթեքային վարկ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սպառողական և հիփոթեքային վարկերի շուկաների ուսումնասիրությամբ զբաղվող Equifax ընկերությունը կանխատեսել էր, որ առաջիկա չորս տարում ամերիկյան հիփոթեքային շուկայում կարող են ի հայտ գալ նոր խնդիրներ՝ պայմանավորված մինչ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը տրամարդված վարկերի «հարկադրված դեֆոլտների» աճով: Equifax-ի վերլուծաբանները նշել էին, որ ներկայում ամերիկյան հիփոթեքային շուկայի համար վտանգ են ներկայացնում 2003-2007 թվականների ընթացքում տրանադրված հիփոթեքային վարկերը, քանի որ վարկերի տրամադրումից տաս տարի անց պահանջվում է մարումներ կատարել արդեն նաև մայր գումարից՝ ի համալրում մինչ այս մարվող տոկոսների: Սպասվում է, որ առաջիկա տարիներին այս վարկերի մայր գումարների մասով մարումների վճարման հետ կառաջանան խնդիրներ:

Ըստ վերլուծաբանների հաշվարկների՝ տարեկան 3,25% տոկոսադրույքով 30 հազար ԱՄՆ դոլար ծավալով վարկի դիմաց միջին մարումը 10 տարի անց մոտ 81 ԱՄՆ դոլարից հասնում է շուրջ 293 ԱՄՆ դոլարի:

Share