Բաժին. Տնտեսական

Հարավկովկասյան երկաթուղի. անցկացվում է գծի գարնանային զննում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 9-ից մայիսի 10-ն անցկացվում է գծի և ենթակառուցվածքի գարնանային զննումը:

Զննումն իրականացնում է ղեկավարության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:  Գծի ստուգումը սկսվել է Այրումի, Վանաձորի ու Գյումրիի հատվածներից: Նշված ժամանակահատվածում երկաթուղում անցկացվում է գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի սարքավորումների զննումը: Զննման նպատակն է գծային տնտեսության ուսումնասիրումը, բացահայտված բացթողումների վերացումը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը: Գարնանային զննման ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվելու երկաթուղու այն հատվածներին, որտեղ սահմանափակվել է գնացքների երթևեկության արագութունը, և  գծի առողջացման ծրագրերի իրականացմանը: 

Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share