Բաժին. Տնտեսական

Գյուղնախարարություն. Արարատյան դաշտավայրի արտեղյան ջրերը պետք է օգտագործվեն խնայողաբար

Արձագանքելով «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի օրերս արված հայտարարությանը՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարանները լիցենզավորելու պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար ձկնաբուծարանների կողմից 15,0 մլն դրամ պետական տուրքի վճար սահմանելու մասին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է՝

– Արթուր Աթոյանի հայտարարության մեջ նշված վերոհիշյալ «փաստերը», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Լիցենզավորման պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար 15,0 մլն դրամ պետական տուրք վճարելու մասին հիշատակումները ընդհամենը պարոն Աթոյանի երևակայության արդյունքն են:

– Արարատյան հարթավայրի ընդերքի ջրերի վտանգված պաշարներն այսօր հրամայական են դարձնում նշված ջրերի նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ գործուն վերահսկողության սահմանումը:

Քանի որ Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի գերակշիռ մասն օգտագործվում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարանների կողմից, բնականաբար, քննարկումներ են իրականացվում նաև ձկնաբուծարաններում խնայողության մի քանի տարբերակներ ներդնելու ուղղությամբ: Դրանցից մեկը ձկնաբուծարանների լիցենզավորումն է, որի շրջանակներում էլ նախատեսվում է ձկնաբուծարաններում կիրառել ջրի խնայողության փակ և կիսափակ շրջապտույտով համակարգեր: Ի դեպ, այս տարբերակի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական մոտեցում չի ցուցաբերվել:

Share