Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

«Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է  «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակցում են  Հայաստանում և արտասահմանում գործող 73 կրթօջախներ` բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր  կազմակերպություններ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել նաև  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ ցուցահանդեսի լավագույն գնահատականը երիտասարդների հետաքրքրությունն է, ովքեր փորձում են տեղեկանալ, գտնել իրենց համապատախան մասնագիտություն:

«Ակնհայտ է, որ ամեն տարի նման ցուցահանդեսներն ամրագրում են մեր հաջողությունները. Հայաստանի կրթական համակարգը տարեցտարի դառնում է առավել արդիական, միջազգայնացված, բաց, որակյալ:Եվ այն փաստը, որ բազմաթիվ միջազգային ծրագրեր առկա են նաև հայկական բուհերի տաղավարներում, վկայում է այն մասին, որ մեր ծրագրերը  միանգամայն տեղավորվում են միջազգային զարգացումներում: Այո, մեր կրթական համակարգը հետաքրքիր է, մրցունակ մեր գործընկերների համար, մնում է, որ այն ավելի շատ ծառայի մեր տնտեսությանը և հասարակությանը: Պատահական չէ, որ այս ցուցահանդեսը կոչվում է «Կրթություն և կարիերա»: Պետք է ամեն ինչ անել, որ  երիտասարդները հասկանան` առանց կրթության չկա կարիերա: Այս բանաձևով կառուցենք հասարակություն, որտեղ գիտելիքը ոչ միայն տնտեսական արժեք է, այլև մարդու ինքնադրսևորման համար անգնահատելի գործիք: Այստեղ շատ կարևոր է նաև մասնավոր սեկտորի  ներգրավումը. գործատուն պետք է համագործակցի մեր հետ, հանդես գա առաջարկությամբ` ինչպիսի հմտություններով մասնագետներ են իրեն պետք, միասին աշխատենք, շտկենք և ծրագրերը դարձնենք առավել արդիական: Այն ոլորտներում, որտեղ այդ կապը կա, արձանագրվել է բեկումնային առաջընթաց»,-նշել է նախարարը` որպես օրինակ բերելով Տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, բանկային և ֆինանսական ծառայությունների ոլորտը:

Share