Բաժին. Տնտեսական

Վրացական գինիները կրկին գրավում են ռուսական շուկան

2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ռուսական շուկայում ամենաշատ վաճառվող արտասահմանյան գինիների վարկանիշում վրացական գինիները զբաղեցրել են երրորդ տեղը: Առաջին տեղում ֆրանսիական գինիներն են, երկրորդ տեղում` իտալական:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստան է ներմուծվել 7,4 մլն լիտր (9,87 մլն շիշ) վրացական գինի: Ռուսաստանյան գինու ընդհանուր շուկայում վրացական գինիների մասնաբաժինը կազմել է 6,4%:

Նշենք նաև, որ 2014 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանը գրանցել է գինու արտահանման ծավալների աճ՝ շուրջ 3,5 անգամ: Հաշվետու երեք ամսում Վրաստանից արտահանվել է 15,49 մլն շիշ գինի: Արդյունքում, գինու արտահանումից երկրի հասույթը կազմել է մոտ 51,202 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու եռամսյակում վրացական գինին արտահանվել է հիմնականում Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Լեհաստան և Լատվիա: Ընդհանուր առմամբ, Վրաստանը գինի է արտահանել աշխարհի 19 երկիր:

Հիշեցնենք, որ Վրաստանից Ռուսաստան գինու, ինչպես նաև հանքային ջրերի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը արգելվել էր 2006 թվականին՝ պայմանավորված վրաց-ռուսական հարաբերությունների սրմամբ:

Share