Բաժին. Տնտեսական

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքները լուսանկարահանվել են 10 սմ ճշտությամբ

Ապրիլի 23-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նարեկ Գրիգորյանը հանդիպում ունեցավ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Բանախոսը տեղեկացրեց, որ 2013 թվականին ավարտվել են Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիէս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նշված աշխատանքները իրականացվել են ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի և Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության գերատեսչության (Ստատենս Կարտվերկ) կողմից համատեղ իրականացվող «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի շրջանակներում: Նշված ծրագրի իրականացման նպատակով Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը Ստատենս Կարտվերկին հատկացրել է ընդհանուր 9.8 մլն նորվեգական կրոն, որից շուրջ 2 մլն նորվեգական կրոնը ուղղվել է նշված աշխատանքների իրականացման համար:

Ծրագրի իրականացման արդյունքում ներդրվել է Հայաստանի Հանրապետության տեղադիրքի որոշման համակարգը (ARMPOS), որը 2014թ. նախատեսվում է կապակցել նաև Եվրոպական տեղադիրքի որոշման համակարգին (EUPOS):

Նշված համակարգը հնարավորություն է ընձեռում GPS, ГЛОНАСС, Galileo արբանյակային համակարգերից ստացված համապատասխան ազդանշանների հիման վրա բարձր ճշտությամբ որոշել ցանկացած կետի կոորդինատները հանրապետության ողջ տարածքում:

Պարոն Գրիգորյանը նշեց, որ ներդրված համակարգը լայն կիրառում ունի գյուղատնտեսության, ճանապարհաշինության, բարձր ճշտության ինժեներական աշխատանքների, ռազմատեղագրական քարտեզագրության, տրանսպորտի, նավիգացիայի, կադաստրային, տեղագրական և թեմատիկ քարտեզագրության, ինչպես նաև այլ ոլորտներում:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձր սեյսմիկ ակտիվությունը` վերոնշյալ համակարգի ներդրումը խիստ կարևոր է նաև տարածաշրջանում երկրակեղևի տեղաշարժի մշտական դիտարկումների միջոցով երկրաշարժերի և բնական այլ աղետների կանխատեսման համատեքստում:

ARMPOS համակարգի ներդրումը մեծապես կնպաստի նաև հանրապետության զգալի տարածքի` 2014 թվականին նախատեսվող օդային լուսանկարահանման աշխատանքների կազմակերպմանը` ապահովելով Հայաստանի բնակավայրերի օրթոլուսանկարների ստացումը:

ARMPOS համակարգի միջոցով կվերահաշվարկվի նաև ՀՀ Ազգային գեոդեզիական ցանցը, ինչը հնարավորություն կստեղծի  ճշգրտելու հանրապետության ողջ քարտեզագրական նյութը:

Նշված արդյունքների ապահովման նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից 2013 թվականի ընթացքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ: Նորվեգացի և շվեյցարացի մասնագետների մասնակցությամբ հաստատվել է ռեֆերենց կայանների վերջական տեղակայումը Ալավերդի, Ապարան, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Ախուրյան, Եղեգնաձոր, Իջևան, Խնձորեսկ, Մեղրի, Սիսիան, Վարդենիս բնակավայրերում:
Հանրապետության 12 բնակավայրերում տեղակայված բոլոր ռեֆերենց կայանները կապակցվել են ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումում գործող վերահսկիչ-հաշվարկային կենտրոնի հետ:

Ծրագրի հաջորդ փուլում` 2014 թվականից իրականացվում է հանրապետության զգալի տարածքի (շուրջ 13.500 կմ²) օդային լուսանկարահանումը, լազերային սկանավորումը, թվային բարձունքային մոդելի և օրթոլուսանկարների ստեղծումը: Հանրապետության խոշորագույն քաղաքները (Երևան, Գյումրի, Վանաձոր)  արդեն լուսանկարահանվել են 10 սմ ճշտությամբ, իսկ այլ տարածքների  20 սմ ճշտությամբ լուսանկարահանումները ընթացքի մեջ են:

Նշված աշխատանքների իրականացման նպատակով Ստատենս Կարտվերկի կողմից հայտարարվել է միջազգային մրցույթ, որում հաղթող է ճանաչվել ուկրաինական  «Ավիացիոն հաշվարկային կենտրոն» ՍՊԸ-ն, իսկ թռիչքներն իրականացվում են վերջինիս ենթակապալառու` AIR COLUMBUS ընկերության կողմից:  Արդյունքում կնքվել է եռակողմ համաձայնագիր ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի, Ստատենս Կարտվերկի և «Ավիացիոն հաշվարկային կենտրոն» ՍՊԸ միջև:

Լուսանկարների համապատասխան մշակումից ստացված օրթոլուսանկարների որակի վերահսկման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից` Ստատենս Կարտվերկի փորձագետների ներգրավմամբ:

Ստացված օրթոլուսանկարները մեծապես կնպաստեն առկա քարտեզների ճշգրտման և նոր քարտեզների ստեղծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ. առաջին եռամսյակում:

Share