Բաժին. Տնտեսական

Ասիական զարգացման բանկը վերանայում է տարածաշրջանում իր գործառնական առաջնահերթությունները

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայում է տարածաշրջանում իր գործառնական առաջնահերթությունները՝ հասնելու համընդհանուր ներառական աճի, զարգացնելու տնտեսական ճկունությունը, ինչպես նաև ուժեղացնելու միջին եկամուտ ունեցող երկրներին ցուցաբերվող օժանդակությունը: Այդ մասին փաստում է ԱԶԲ-ի ռազմավարական հիմնարար փաստաթղթի՝ «Ռազմավարություն 2020»-ի միջնաժամկետ զեկույցը:

«Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը արագ է փոփոխվում, հետևաբար ԱԶԲ-ն ևս պետք է ճկունություն ցուցաբերի», – նշում է ԱԶԲ նախագահ Տակեհիկո Նակաոն:

Տարածաշրջանում շարունակում է օրակարգային մնալ աղքատության բարձր մակարդակը: Ավելի քան 700 միլիոն մարդ գտնվում է ծայրահեղ աղքատության սահմանագծից ներքև՝ օրական 1,25 դոլար: Զեկույցում մատնանշվում է, որ ծայրահեղ աղքատությունը տարածաշրջանում կարող է վերացվել մինչև 2025թ-ը: Սակայն դա կարող է բավարար չլինել: Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության մակարդակը կարող է իրականում ավելի ցածր լինել, քան սահմանված 1,25 դոլարի շեմը: Այդ մասին հայտնում է պրն. Նակաոն՝ ընդգծելով, որ տարածաշրջանի աղքատ բնակչության պարագայում այդ շեմը շատ ցածր է գոյատևելու համար:

Ավելի քան 1,6 միլիարդ մարդ գոյատևում է օրական 2 դոլարից էլ պակաս եկամուտի հաշվին և չափազանց խոցելի է աշխատանքի կորստի, առողջական խնդիրների, երկարատև տնտեսական անկումների, գնաճի, անբերքատվության ու շրջակա միջավայրի վտանգների տեսանկյունից: Աճում է նաև անհավասարության մակարդակը՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ` երկրների միջև:

Միևնույն ժամանակ ԱԶԲ անդամ 45 զարգացող երկրների մեծամասնությունն արդեն միջին եկամուտ ունեցող երկրներ են: Ենթադրվում է, որ այդ բոլոր երկրները, բացի երկուսից, մինչև 2020թ-ը կհասնեն միջին եկամուտ ունեցող երկրների մակարդակին:

«ԱԶԲ-ի հիմնական նպատակն է նպաստել զարգացող երկրներում աղքատության վերացմանը, հասնել համընդհանուր աճի և նվազեցնել անհավասարությունը, ինչպես նաև ավելի արդյունավետ ու օգտակար լինել միջին եկամուտ ունեցող երկրների կարիքների դեպքում», – նշում  է պրն. Նակաոն:

ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից հաստատված զեկույցը սահմանում է տասը ռազմավարական առաջնահերթություններ: Առաջին յոթ ուղղությունները նպատակ ունեն հստակեցնել ու հավասարակշռել ԱԶԲ անելիքները տարածաշրջանում, ինչպես նաև ուժեղացնել փոփոխվող բիզնես միջավայրում արձագանքելու և կողմորոշվելու հնարավորությունները: Մնացած երեք ուղղությունները նպատակ ունեն խթանել ԱԶԲ-ի հզորությունն ու արդյունավետությունը: Այդ առաջնահերթ ուղղությունները ներառում են՝ (i) աղքատության մակարդակի նվազեցում և ներառական տնտեսական աճ, (ii) շրջակա միջավայրի ու կլիմայական փոփոխությունների հիմնահարցեր, (iii) տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում, (iv) ենթակառուցվածքային զարգացում, (v) միջին եկամտաբերության երկրներին օժանդակություն, (vi) մասնավոր հատվածի զարգացում և  գործեություն, (vii) գիտելիքահեն լուծումներ, (viii) ֆինանսական ռեսուրսներ և համագործակցություն, (ix) դրամի արժեքին համարժեք արդյունքների ստեղծում, (x) նոր մարտահրավերներին դիմագրավելու համախմբվածություն:

Զեկույցը վերահաստատում է, որ ԱԶԲ-ն շարունակելու է ջանքերը կենտրոնացնել ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ, քանի որ ենթակառուցվածքներն առանցքային դեր ունեն աղքատության մակարդակի նվազեցման և ընդհանուր աճի ապահովման գործում: ԱԶԲ-ն կրկնակի չափով կավելացնի իր ներդրումները նաև առողջապահության ու կրթության ոլորտներում:  

Միջին եկամուտ ունեցող երկրները ստիպված կլինեն առավել նորարար ու արդյունավետ լուծումներ գտնել, որպեսզի կարողանան խուսափել միջին եկամտային մակարդակի ծուղակներից: Պրն. Նակաոն նշում է նաև, որ իր անդամ երկրներին ավելի օգտակար լինելու համար ԱԶԲ-ն նույնպես հանդես կգա առավել նորարար մոտեցումներով: Զեկույցում ներկայացված են  ԱԶԲ-ի նոր մոտեցումները՝ ռեսուրսների մոբիլիզացման, աշխատակազմի հմտությունների ամրապնդման և տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման հարցերում:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և բնապահպանակայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով:

ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և ունի 67 անդամ երկիր, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր աջակցությունը կազմել է 21 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ 6,6 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը:

Share