Բաժին. Տնտեսական

ԱԶԲ. Ասիական տարածաշրջանում տնտեսական ռիսկերը նվազել են

Ասիական տարածաշրջանի երկրներում ընդհանուր տնտեսական պատկերը դրական է. ռիսկերի մակարդակը կրճատվել է և տեսանելիորեն ավելի ցածր է, քան նախորդ տարի: «Բիզնես 24»-ի հետ զրույցում նման գնահատական ներկայացրեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնտեսական և վերլուծությունների բաժնի գլխավոր տնտեսագետ Դոնգհյուն Փարքը՝ ընդգծելով, որ ըստ ԱԶԲ-ի սպասումների՝ այս տարի Ասիայի երկրները կցուցաբերեն տնտեսական կայունություն, և տարածաշրջանում տնտեսական զարգացումը կլինի համեմատաբար արագ, քան աշխարհի մյուս հատվածներում:

Առանձնացնելով ԱԶԲ-ի «Ասիական զարգացման հեռանկարներ 2014» զեկույցի հիմնական դրույթները՝  տնտեսագետը նշեց, որ ներկայում Ասիայի զագացող տնտեսությամբ երկրներին սպառնացող հիմնական ռիսկերը կարելի է դասակարգել 3 խմբի: Առաջին խմբի ռիսկերը կապված են ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության հնարավոր դրսևորումների և համաշխարհային ֆինանսական շուկաների վրա դրանց ազդեցության հետ, ինչը ամենավատ սցենարի դեպքում կարող է հանգեցնել նոր գլոբալ ֆինանսական շոկի: Ռիսկերի երկրորդ խումբը պայմանավորված է զարգացած տնտեսությունների վերականգնման ընթացքով և այս երկրների ներքին քաղաքատնտեսական տատանումներով: Երրորդ խումբ ռիսկերը պայմանավորված են Չինաստանի տնտեսական վարքագծով, որից մեծապես կախված են տարածաշրջանի մի շարք երկրների տնտեսական զարգացման ուղղությունները:

Դոնգհյուն Փարքի կողմից «Բիզնես 24»-ի ներկայացված տվյալների համաձայն՝ այս տարի Ասիայի տարածաշրջանը կապահովի 6,2% տնտեսական աճ, իսկ 2015 թվականին՝ 6,4% աճ: Չնայած կանխատեսվող այս ցուցանիշները դեռևս ցածր են մինչճգնաժամային տարիներին գրանցված ցուցանիշներից, այնուամենայնիվ, ըստ տնտեսագետի՝ ասիական տարածաշրջանը տնտեսական զարգացման տեսանկյունից մուտք է գործել կայունացման նոր՝ առավել առողջ փուլ:

Նշենք, որ 2013 թվականին Ասիայի երկրները գրանցել էին 6,1% աճ:

Share