Բաժին. Տնտեսական

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը դարձել է պակաս լավատես

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել և արդյունքում կրճատել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Նոր կանխատեսումների համաձայն՝ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 3,4%-ով: Նշենք, որ ավելի վաղ ՏՀԶԿ-ն կանխատեսել էր համաշխարհային ՀՆԱ-ի 3,6% աճ: Կանխատեսվող ցուցանիշի կրճատումը ՏՀԶԿ-ն բացատրում է զարգացող տնտեսությամբ երկրների տնտեսական վերականգնման տեմպերի նվազմամբ:

Սպասվում է, որ ընթացիկ տարում Եվրոգոտու անդամ երկրները կգրանցեն 1,2% տնտեսական աճ, իսկ հաջորդ տարի՝ 1,7% աճ: Գործազրկության մակարդակը կկազմի 11,7% և 11,4%՝ այս և հաջորդ տարիներին:

Ամերիկյան տնտեսության համար ՏՀԶԿ-ն կանխատեսում է 2,6% տնտեսական աճ այս տարի, 3,5% աճ՝ 2015 թվականին: Գործազրկության մակարդակը կկազմի համապատասխանաբար 6,5% և 6%:

ՏՀԶԿ-ն Եվրոպական կենտրոնական բանկին խորհուրդ է տալիս կիրառել խթանող նոր քայլեր, իսկ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին՝ այս տարի ամփոփել «քանակական մեղման» քաղաքականությունը:

Նշենք նաև, որ այս տարվա համար ՏՀԶԿ-ն ակնկալում է Չինաստանի ՀՆԱ-ի 7,4% աճ, 2015 թվականի համար՝ 7,3% աճ:

Share