Բաժին. Տնտեսական

Չինական Alibaba ընկերությունը պատրաստվում է նոր ռեկորդի

Էլեկտրոնային առևտրի չինական հսկան՝ Alibaba Group-ը, ներկայացրել է արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) իր երկար սպասված հայտը: Այն ներկայացվել է ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC):

Հատկանշական է, որ իր հայտում ընկերությունը նշում է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել տեղաբաշխման հիմնական չափորոշիչների մասով:

Միևնույն ժամանակ, Bloomberg-ը, հղում անելով սեփական հավաստի աղբյուրներին, գրում է, որ Alibaba-ն մտադիր է իր IPO-ի շրջանակում տեղաբաշխել արժեթղթերի 12%-ը:

Ըստ անկախ գնահատականների՝ Alibaba ընկերության IPO-ի ծավալը կարող  է հասնել ավելի քան 20 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը կարող է նոր ռեկորդ դառնալ ԱՄՆ-ի «բորսայական» պատմության մեջ:

Նշենք, որ ամերիկյան IPO-ների ներկայիս ռեկորդը պատկանում է Visa վճարային համակարգին (19,7 մլրդ ԱՄՆ դոլար, 2008 թվական): Համաշխարհային ռեկորդը պատկանում է չինական Agricultural Bank of China-ին՝ 22,1 մլրդ ԱՄՆ դոլար (2010 թվական):

Նշենք, որ Alibaba ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները բիզնեսի ոլորտում առևտրային գործառնություններն  ու օնլայն-առևտուրն է: 2005 թվականին ամերիկյան Yahoo ընկերությունը 1 մլրդ ԱՄՆ դոլարով գնել է Alibaba-ի բաժնետոմսերի 40%-ը: 2012 թվականին Alibaba ընկերությունը Yahoo-ից հետ է գնել իր բաժնետոմսերի 20%-ը: Բացի Yahoo-ից, Alibaba ընկերությունն ունի մի շարք այլ խոշոր բաժնետերեր, մասնավորապես, օրինակ, ճապոնական SoftBank հեռահաղորդակցական ընկերությունը:

Share