Բաժին. Տնտեսական

Ցյուրիխում կայացել է Հայ-Շվեյցարական գործարար համաժողով

Մայիսի 7-ին Շվեյցարիայի Համադաշնության Ցյուրիխ քաղաքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայ-շվեյցարական գործարարության զարգացման միության ներգրավմամբ և ArmSwissBank-ի աջակցությամբ կայացել է «Առևտրատնտեսական և ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագիրը կրող գործարար համաժողովը:

ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները: ՀՀ մասնավոր հատվածը ներկայացնում էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, “AZAD Pharmaceuticals ingredients AG”, “Arslanyan Cutting Works”, “Global Management Consulting”, “FEDA” ընկերությունների ներկայացուցիչները:

Շվեյցարական կողմից միջոցառմանը մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի քանի տասնյակ շվեյցարացի գործարարներ:

Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նա համառոտ ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը, Հայաստանի արտաքին առևտրային ռեժիմները, խոսել հեռանկարների մասին:  Փոխնախարարի ելույթին հետևել են հայկական պատվիրակության ներկայացուցիչների զեկույները մաքսային, հարկային օրենսդրությանն ու վերջինիս վարչարարության, բանկային, ապահովագրական և ֆինանսական համակարգերի վերաբերյալ: Ներկայացվել են նաև ոլորտային զեկույցեր:

«Առևտրատնտեսական և ներդրումային հնարավորությունները Հայաստանում» գործարար համաժողովի կազմակերպումը և անցկացումը մեծապես կարևորվում է շվեյցարացի հնարավոր գործընկերներին և ներդրողներին Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտները, ներդրումային ներուժը ներկայացնելու, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման նպատակով համապատասխան պայմանավորվածություններ  ձեռք բերելու տեսանկյունից:

Նախնական պայմանավորվածության համաձայն, հունիսի 16-18-ը նախատեսվում է շվեյցարացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան:

Share