Բաժին. Տնտեսական

Սերգո Կարապետյանն այցելել է Թեղենիք համայնք

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 11-ին այցելել է Կոտայքի մարզի Թեղենիք համայնք: ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին և հետևել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից թրթուրների տարածման ուղղությամբ տարվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:

Սերգո Կարապետյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, եղել է գյուղացիական տնտեսություններում և նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն օկնոգենա վնասատուի դեմ քիմիական պայքարի իրականացման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Կոտայքի մարզերի համայնքներին անհատույց հատկացրել է «Ցիպեր մաքսի» բույսերի պաշտպանության միջոցը:

«Պետական բյուջով օկնոգենա վնասատուի դեմ քիմիական պայքարի իրականացման համար միջոցներ չեն նախատեսվում, սակայն, հաշվի առնելով իրավիճակը, գյուղատնտեսության նախարարությունն օժանդակում է գյուղացիական տնտեսություններին՝ տրամադրելով թունաքիմիկատ և սրսկիչ մեքենաներ»,- նշել է նախարարը:

ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարարին տեղեկացրել է, որ գյուղացիական տնտեսություններին անհատույց կտրամադրվեն դիզելային վառելանյութ՝ պայքարի միջոցառումներն իրականացնելու համար:

Այնուհետև նախարարը հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Կոտայքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ Կոտայքի մարզպետարանի մասնագետների հետ: Սերգո Կարապետյանը հանձնարարել է ամենօրյա աշխատանք կատարել և իրավիճակի մասին տեղեկատվություն տրամադրել նախարարությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև նշել է, որ պայքարի միջոցառումները պետք է ավարտվեն սեղմ ժամկետներում:

Share