Բաժին. Տնտեսական

Վարչապետի անդրադարձը խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում, դիմելով կառավարության անդամներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երեկվա իր հանդիպմանը. «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք երեկ հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, և մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն»:

Share