Բաժին. Տնտեսական

Ծաղկաձորում ընթանում է ԱՊՀ սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նիստը

Մայիսի 20-ին Ծաղկաձորում մեկնարկեց ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստը

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոն:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ նման հանդիպումները միշտ օգտակար են և հարստացնում են բոլորին` փորձի փոխանակման, խնդիրների բարձրացման, արագ արձագանքման, նոր գաղափարների ներկայացման առումով:

Անդրադառնալով սպառողների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին նախարարը նշեց, որ դրանք բազմաթիվ են և հիմնականում վերաբերում են մարդու կյանքին, առողջությանն ու անվտանգությանը: Կարեն Ճշմարիտյանի խոսքերով՝ պետության կողմից որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հասարակական կազմակերպությունները ավելի ուժեղ լինեն և նրանց ձայնը ավելի հասանելի լինի թե՛ պետության, և թե՛ հասարակության համար, բայց նաև նշեց, որ կա սպառողների ակտիվության անհրաժեշտություն` իրենց իրավունքները պաշտպանելու առումով:

Նիստի շրջանակում տեղի ունեցավ ասուլիս` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի, ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոյի և ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի մասնակցությամբ:

ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոն՝ անդրադառնալով նիստի կարևորությանը, տեղեկացրեց, որ 1991 թ.-ից սկսած ԱՊՀ բոլոր երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքների ընդունման շնորհիվ ամրացել է քաղաքացիների պաշտպանվածությունը բոլոր բնագավառներում՝ սկսած առողջապահությունից մինչև ֆինանսական խնդիրները: Նա նաև նշեց, որ  խորհրդի շրջանակներում մշակվել են սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս սպառողին լինել ավելի գրագետ և տեղեկացված,  իմանալ իրենց իրավունքները և օգտվել այդ իրավունքներից:

Իր հերթին, ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան հավելեց, որ Ռուսաստանի Դաշնությունում սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում նաև ուսումնական հաստատություններում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն իր խոսքում նշեց, որ նիստի հիմնական նպատակը սպառողների շահերը պաշտպանող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն է: Նա նաև ավելացրեց, որ Հայաստանում ամենաշատը սպառողների իրավունքները խախտվում են այն ոլորտներում, որոնք վերաբերում են սպառողների կյանքին և առողջությանը, սակայն եթե սպառողը գիտի իր իրավունքները, ապա ռիսկերը հասցվում է մինիմալի:

Նիստի աշխատանքները շարունակվում են նաև այսօր:

Share