Բաժին. Տնտեսական

JPMorgan Chase բանկը Դեթրոյթ քաղաքի տնտեսությունում կիրականացնի 100 մլն դոլարի ներդրում

Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը՝ JPMorgan Chase-ը, հայտարարել է, որ մտադիր է առաջիկա հինգ տարվա ընթացքոմ Դեթրոյթ քաղաքի տնտեսությունում ներդնել շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար: New York Times-ը գրում է, որ այս գումարը կուղղվի տարբեր սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:

Նշենք, որ Դեթրոյթ քաղաքը, որի ընդհանուր պարտքը գերազանցում է 18 մլրդ ԱՄՆ դոլարը, այս պահին գտնվում է սնանկացման գործընթացի մեջ:

Անցյալ տարվա ամռանը ամերիկյան ավտոարտադրության մայրաքաղաքի ղեկավարությունը հայց էր ներկայացրել դատարան՝ քաղաքը սնանկ ճանաչելու մասին: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր «քաղաքային սնանկացումն է»:

Հայցը ներկայացնելու պահին Դեթրոյթ քաղաքի բյուջեի պակասուրդը հասնում էր 380 մլն ԱՄՆ դոլարի:

Վերջին 30 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը 2 մլն-ից նվազել և հասել է 700 հազարի:

Քաղաքի տնտեսական խնդիրներն ի հայտ էին եկել 1970-1980-ականններին, երբ ամերիկյան ավտոարտադրության ոլորտը հայտնվել էր ճգնաժամում:

Share