Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ պայմանագիրը կնքելուց եղեք ուշադիր

ԱՊՊԱ ոլորտում անհարկի տուգանքներից խուսափելու նպատակով  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ապահովադիրներին ինչպես ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում, այնպես էլ ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո ուշադիր լինել տեխնիկական բնույթի որոշակի հարցերի նկատմամբ:

Մասնավորապես, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ անհրաժեշտ է`

• Նախքան ԱՊՊԱ պայմանագիրը ստորագրելը ուշադիր ընթերցել այն` ստուգելով ապահովադրի անձնական, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրում արտացոլված տվյալները, հավաստիանալ, որ բոլոր, հատկապես` ավտոմեքենայի համարանիշի  տառերը և թվերը ճիշտ են լրացվել,

• Հավաստիանալ, որ ԱՊՊԱ պայմանագրում անպայման նշված է ավտոտրանսպորտային միջոցի սպիտակ հիմնագույնով համարանիշը, անգամ եթե այն կրում է դեղին հիմնագույնով համարանիշ,

• ԱՊՊԱ պայմանագրում նշված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխության դեպքում, մասնավորապես` ժամանակավոր համարանիշը  նորով փոխարինելու դեպքում, անհրաժեշտ է անհապաղ այդ մասին տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, որպեսզի վերջինս համապատասխան փոփոխությունը կատարի ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում:

Հիշեցնում ենք, որ թե Ձեր և թե ապահովագրական գործակալի կողմից անուշադրության և հետևողական չլինելու արդյունքում վերոնշյալ տեխնիկական խնդիրների առաջացումը կարող է հանգեցնել Ձեր նկատմամբ տուգանքի նշանակմանը:

Share