Բաժին. Տնտեսական

Չինական Alibaba-ն կդառնա Սինգապուրի փոստային ընկերության 10,35% բաժնետեր

Էլեկտրոնային առևտրի չինական հսկան՝ Alibaba Group ընկերությունը, մտադիր է գնել Սինգապուրի փոստային ծառայության արժեթղթերի 10,35%-ը: Singapore Post-ը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 249 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ մայիս ամսվա սկզբին Alibaba Group-ը ներկայացրել էր արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) իր՝ «երկար սպասված» հայտը: Այն ներկայացվել էր ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC): Հայտում ընկերությունը, սակայն, չէր հրապարակել տեղաբաշխման հիմնական չափորոշիչները:

Bloomberg-ը, հղում անելով սեփական հավաստի աղբյուրներին, գրում է, որ Alibaba-ն մտադիր է իր IPO-ի շրջանակում տեղաբաշխել արժեթղթերի 12%-ը:

Ըստ անկախ գնահատականների՝ Alibaba ընկերության IPO-ի ծավալը կարող  է հասնել ավելի քան 20 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը կարող է նոր ռեկորդ դառնալ ԱՄՆ-ի «բորսայական» պատմության մեջ:

Նշենք, որ ամերիկյան IPO-ների ներկայիս ռեկորդը պատկանում է Visa վճարային համակարգին (19,7 մլրդ ԱՄՆ դոլար, 2008 թվական): Համաշխարհային ռեկորդը պատկանում է չինական Agricultural Bank of China-ին՝ 22,1 մլրդ ԱՄՆ դոլար (2010 թվական):

Alibaba ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները բիզնեսի ոլորտում առևտրային գործառնություններն  ու օնլայն-առևտուրն է:

Share