Բաժին. Տնտեսական

Չինաստանի բանկերը գրանցել են «վատ» ակտիվների ռեկորդային բարձր ցուցանիշ

Չինաստանի բանկերում «վատ» ակտիվները հասել են ռեկորդային բարձր ցուցանիշի: 2013 թվականի վերջի դրությամբ երկրի 10 խոշորագույն բանկերում երկարաձգված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 588 մլրդ յուան կամ շուրջ 94 մլրդ ԱՄՆ դոլար: 2012 թվականի համեմատ ցուցանիշի աճը կազմել է 21%:

Ինչպես նշում են վերլուծաբանները՝ չինական բանկերում «վատ» ակտիվների աճը կարող է լուրջ հարված հասցնել երկրի բանկային համակարգին և տնտեսությանը:

Սպասվում է, որ ընթացիկ տարում Չինաստանի բանկերում «վատ» ակտիվների աճը կշարունակվի՝ պայմանավորված երկրում վարկերի տրամադրման պայմանների խստացման հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ներդրումային բանկեր հայտարարել էին, որ վերանայել և արդյունքում կրճատել են Չինաստանի տնտեսական աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները։ Bank of America Merrill Lynch-ի նոր կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 7,2%-ով։ Միևնույն ժամանակ, UBS բանկը կանխատեսել է ցուցանիշի 7,5%, իսկ JP Morgan-ը՝ 7,2% աճ։

Կանխատեսումների վերանայման պատճառ է հանդիսացել 2013 թվականի արդյունքներով մի շարք տնտեսական ցուցանիշների անկումը։ Նախորդ տարվա արդյունքներով Չինաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,6%-ով՝ գրանցելով  2009 թվականից ի վեր նվազագույն արդյունքը։ Հիմական կապիտալում ներդրումների ծավալը կազմել է 17,9%՝ չարդարացնելով սպասումները։

Share