Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները խախտել են օրենքը

«Ջերմուկ» ընկերությունը  Հանձնաժողովին դիմում է ներկայացրել այն մասին, որ «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, որը շփոթություն է առաջացնում  իրենց ընկերության արտադրանքի նկատմամբ:

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովը պարզել է նաև, որ բացի ուրիշին պատկանող ապրանքային նշանի նմանակումից, առկա է նաև ևս մեկ խնդիր: Համաձայն օրենքի, տվյալ ապրանքատեսակը կարող է կոչվել այս կամ այն աշխարհագրական տեղանվան անունով, եթե այն արտադրված է հենց տվյալ վայրում:  Տվյալ դեպքում «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունների գործունեությունը հակասում է օրենքին:

Հանձնաժողովի որոշմամբ, անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունները արդեն իսկ ընդունել են խախտումը և գրությամբ դիմել են Հանձնաժողովին՝ հայտնելով, որ հստակ ժամկետներում կվերացնեն խախտումը:

Share