Բաժին. Տնտեսական

Երվանդ Զախարյանն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկվել են Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության խնդիրները

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Նորանշանակ նախարարի և դեսպան Ռեիսիի հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում:

Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով հայ-իրանական էներգետիկ կապերն ու համագործակցությունը շատ կարևոր են Հայաստանի էներգետիկ ոլորտր զարգացման ու առաջընթացի համար:

Դեսպան Ռեիսին  շնորհավորել է Երվանդ Զախարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատկապես էներգետիկայում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը: Առանձնակի կարևորվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման համատեքստում: Հանդիպման մասնակիցները քննարկել են Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության խնդիրները:

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հայ-իրանական էներգետիկ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները մանրամասն կքննարկեն Թեհրանում կայանալիք ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստի ժամանակ:

Share