Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հունիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ:

Հանդիպմանը ներկա էր Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն առչվող հարցեր:

Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին հետաքրքրվել է ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ կազմակերպչական աշխատանքի ընթացքով և տեղեկացրել, որ ցուցահանդեսի մասնակից երկրներից ակնկալվում են յուրահատուկ նախագծեր և հետաքրքիր առաջարկներ:

Էկոնոմիկայի նախարարն իր հերթին տեղեկացրել է Իտալիայի դեսպանին, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է «Էքսպո Միլան-2015» Հայաստանի մասնակցությունը և հավաստիացրել, որ հայակական կողմը ջանքեր կգործադրի ապահովելու իր պատշաճ մասնակցությունը Միլանում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին: Կարեն Ճշմարիտյանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը կնպաստի աշխատանքի բարեհաջող ընթացքին:

«Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսն անցկացվելու է Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում` 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Ցուցահանդեսի խորագիրն է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար»: Ցուցահանդեսին նախատեսվում է 154 պետությունների և ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների մասնակցություն և կանխատեսվում է 29 միլիոն այցելու:

ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N 870-Ա որոշման 1-ին կետի համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիսանում է «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության գլխավոր հանձնակատար:

Նույն որոշմամբ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն նշանակվել է ազգային օպերատոր և իրականացնում է «Էքսպո Միլան – 2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները:

«Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը կներկայանա «Միրգ և բանջարեղեն» (“Fruits and Legumes” cluster) կոչվող կլաստերի կազմում՝ վարձակալելով 125 ք.մ. տարածքով տաղավար:

«Էքսպո Միլան-2015»-ում Հայաստանի Հանրապետության ազգային օրը նախատեսվում է անցկացնել 2015 թվականի սեպտեմբերի 21-ին, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցը Միլան:

Share