Բաժին. Տնտեսական

Հայաստանը պատրաստ է խորացնել ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով

Հունիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին` պատվիրակության գրասենյակի գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մեդինա Նավարրոն, քաղաքական հարցերով պաշտոնյա Անդրեյ Դիդյենկոն:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը,  նախարարության այլ աշխատակիցներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան շնորհավորել է Կարեն Ճշմարիտյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին` ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ կարևորում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը և հավաստիացրել, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է և շարունակելու է աշխատանքները` խորացնելու ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները հնարավոր բոլոր ոլորտներով և ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ԵՄ բյուջետային աջակցությանը, ընթացիկ և բանակցային փուլում գտնվող մի շարք ծրագրերին, «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմին,  Հայաստանում կիրառվող Թվինինգ և Թայեքս գործիքներին, ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրին, ինչպես նաև առանձին ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր:

Share