Բաժին. Տնտեսական

Համաշխարհային բանկը վերանայել է իր կանխատեսումները

Համաշխարհային բանկը (ՀԲ) վերանայել և արդյունքում կրճատել է իր կանխատեսումները համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ: Նոր կանխատեսումների համաձայն՝ 2014 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 2,8%: Նշենք, որ հունվարյան իր կանխատեսումներում Համաշխարհային բանկը համաշխարհային տնտեսության համար կանխատեսել էր 3,2% աճ:

«Global Economic Prospects» հունիսյան զեկույցի համաձայն՝ 2015 և 2016 թվականների համար ակնկալվում է համաշխարհային տնտեսության համապատասխանաբար 3,4%և 3,5%  աճ:

Սպասվում է, որ ընթացիկ տարում զարգացող տնտեսության երկրները կապահովեն 4,8%, 2015 թվականին՝ 5,4%, իսկ 2016 թվականին՝ 5,5% տնտեսական աճ: Զարգացած երկրների համար կանխատեսվում է համապատասխանաբար 1,9%, 2,4% և 2,5% տնտեսական աճ:

Եվրոգոտու անդամ երկրների համար ակնկալվում է 1,1% տնտեսական աճ՝ այս տարի, 1,8% տնտեսական աճ՝ 2015 թվականին, 1,9% տնտեսական աճ՝ 2016 թվականին, իսկ Չինաստանի համար՝ համապատասխանաբար 7,6%, 7,5% և 7,4% տնտեսական աճ:

Share