Բաժին. Տնտեսական

ՀՀ արդյունաբերողներն ու գործարարները նախապատրաստվում են Հայաստանի մուտքին Եվրասիական Տնտեսական Միություն

Երևանում կայացել է «Եվրասիական Տնտեսական Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար ՀՀ արդյունաբերողներին ու գործարարներին նախապատրաստման խնդիրները» թեմայով համաժողով

Հունիսի 16-ին Երևանում մեկնարկել է «Եվրասիական Տնտեսական Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար ՀՀ արդյունաբերողներին ու գործարարներին նախապատրաստման խնդիրները» թեմայով համաժողովը, որը համատեղ կազմակերպել են Ստանդարտների ազգային ինստիտուտը (SARM) և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալությունը (Ռոսստանդարտը/GOSTR):

Համաժողովը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են տեխնիկական կանոնակարգերի և դրանց համապատասխան ստանդարտների բազայի մշակման գործընթացներում արդյունաբերողների փոխգործակցության մի շարք հայեցակարգային խնդիրներ, ինչպես նաև ներկայացվել են տվյալ ոլորտում Ռուսաստանի փորձը և Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների տարածքում տեխնիկական կանոնակարգման տեղեկատվական ապահովման համակարգը:

Համաժողովի շրջանակում Հայաստանի տնտեսության որոշ գերակա ճյուղերի /գինեգործություն, կոնյակագործություն, սննդի արտադրություն, շինարարություն և այլ/ ներկայացուցիչների համար կազմակերպվել են «Կլոր սեղաններ»։

Համաժողովին մասնակցել են Ռոսստանդարտի, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության, ՌԴ սպառողական շուկայի մասնակիցների միության, Ռուսական երկաթուղու, Մաքսային Միության, ՌԴ Գարեջրագործության, ոչ ալկոհոլային և գինեգործության ադյունաբերության ՌԳՀԻ, ՌԴ գործարարների և արդյունաբերողների միության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ՌԴ դեղագործության, շինարարության, սննդամթերքի ոլորտների մասնագետներ:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի գերատեսչությունների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համապատասխան ոլորտների մասնագետներ, գործարարներ և արդյունաբերողներ:

Share