Բաժին. Տնտեսական

Վերին Լարսի ավտոճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ մեկ տարի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցել էին, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը հնարավորինս շուտ՝ հունիսի 14-15-ին, բացելու ուղղությամբ: Նրանք չէին բացառում նաև նոր փլուզման վտանգը, ինչի դեպքում նախանշված ժամկետում ճանապարհը չէր բացվի:
Մինչ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ուղևորվում էր Վրաստանի Հանրապետություն, հունիսի 14-ի կեսօրին տեղեկություն ստացվեց, որ Գվելեթի – Դարիալ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վթարված հատվածում Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին Գագիկ Բեգլարյանին ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել վթարը վերացնելու ուղղությամբ: Իրավիճակին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհը հիմնովին վերականգնման խնդիր ունի:

«Աշխատանքների ընթացքը եղել է շատ բարդ: Վրացական կողմը ներկայացրեց, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, որոնք կտևեն շուրջ մեկ տարի: Մենք էլ առաջարկեցինք մեր մասնագիտական աջակցությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհին նման իրավիճակներից փորձենք խուսափել»,- նշեց նախարարը:

Ճանապարհը թեև բացվել է, սակայն շարունակվում են ճանապարհի լայնացման աշխատանքները: Վրացի ճանապարհաշինարարների ջանքերով 18մ բարձրությամբ հողազանգվածը, որը փակել էր ճանապարհը, մաքրվել է:

Share