Բաժին. Տնտեսական

Արմեն Ալավերդյան. Առևտրի ոլորտում շրջանառության հարկը կդառնա 1%, կներդրվի նաև չհարկվող նոր ինստիտուտ` ընտանեկան բիզնես

Կառավարությունն աշխատում է Հայաստանում ձևավորել իրական փոքր և միջին ձեռնարկատիրություն, կրճատել ստվերային տնտեսությունը, նպաստել ընտանեկան բիզնեսի զարգացմանն ու փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը. հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրել է «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի կիրառումից ակնկալվող արդյունքները: Փոխնախարարը հայտնել է, որ ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ Կառավարությունն ընդհանուր հայտարարի է եկել կարգավորման մի շարք առանցքային հարցերում, մասնավորապես` ՓՄՁ-ների համար 2015 և 2016 թվականներին կպահպանվի շրջանառության 58.35 միլիոն դրամ առավելագույն շեմը, առևտրի ոլորտում  շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից կնվազեցվի մինչև 1 տոկոսի: Հանրապետությունում գործող 58 հազար 700 ՓՄՁ սուբյեկտներից 39 հազարը ներգրավված է առևտրի ոլորտում, նրանց վճարած շրջանառության հարկի մասնաբաժինը տարեկան հարկային եկամուտներում չի գերազանցում 2 տոկոսը` տատանվելով 1.5 տոկոսի սահմաններում: «Մեր գործունեության հիմնական մեխը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի թիրախը լինելու է դաշտի կարգավորումն ու իրական ՓՄՁ-ների  ձևավորումը, որոնցից ստացվող ազդակները թույլ կտան վարչարարության սլաքն ուղղել խոշոր բիզնեսի ուղղությամբ»,-նշել է Ա.Ալավերդյանը: Փոխնախարարի համոզմամբ՝ տնտեսության մեջ ստվերի կրճատման բանալին գործարքների փաստաթղթավորումն է. նա վերահաստատել է, որ պետությունը ՓՄՁ-ներին չի դիտարկում որպես հարկման աղբյուր՝ այլ նպատակ ունի դրանց օժանդակությամբ հասնելու խոշոր տնտեսվարողների մոտ ստվերի կրճատմանը: Ֆինանսների փոխնախարարը խոսել է Հայաստանում ներդրվող նոր ինստիտուտի՝ ընտանեկան բիզնեսի մասին: Նա հիշեցրել է, որ ընտանիքի անդամների կողմից իրականացվող և տարեկան մինչև 12 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրությունը չի հարկվի: «Օրենքով հստակ ամրագրվելու է ընտանեկան բիզնեսի մեջ ներգրավված անձանց շրջանակը»,-նշել է Արմեն Ալավերդյանը` պարզաբանելով, որ արտոնագրային վճարների համակարգում ընդգրկված տնտեսվարողները չեն ունենալու ընտանեկան բիզնեսի կարգավիճակ: Միաժամանակ նա ներկայացրել է ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորելուց խուսափողների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության միջոցների խստացման աստիճանական համակարգը` նշելով, որ նոր կարգավորմների արդյունքներն ի հայտ կգան 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս: Ֆինանսների նախարարության մշակած օրենսդրական փաթեթը նախատեսված է ուժի մեջ դնել 2014թ. հոկտեմբերի 1-ից:

Share