Բաժին. Տնտեսական

Կիպրոսը վերադառնում է միջազգային փոխառությունների շուկա

Կիպրոսը աստիճանաբար կվերադառնա միջազգային փոխառությունների շուկա: Երկիրը, որը մեկ տարի առաջ հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի եզրին,  թողարկել է 750 մլն եվրոյի պարտատոմսեր` 5 տարի մարման ժամկետով: Պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 4,85%: Այս մասին գրում է եվրոպական մամուլը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիպրոսը մշակել է համալիր ծրագիր՝ ուղղված երկրում գործազրկության կրճատմանը: Ըստ ծրագրի՝ գործազրկության կրճատման նպատակով կծախսվի շուրջ 340 մլն եվրո, որից շուրջ 150 մլն եվրոն կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկը: Նախատեսված միջոցների զգալի մասը՝ 300 մլն եվրոն, կտրամադրվի Կիպրոսի առևտրային բանկերին՝ փոքր և միջին բիզնեսին ցածր տոկոսադրունքով վարկեր տրամադրելու նպատակով: Շուրջ 7 մլն եվրոն կուղղվի մանրածախ առևտրի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի սուբսիդավորմանը: Գումարներ կուղղվեն նաև բարձր առաջադիմությամբ ուսումնական հաստատություններ ավարտած ուսանողների զբաղվածության խնդրի լուծմանը:

Նշենք, որ Կիպրոսը եվրոպական այն երկրներից է, որ շարունակում է պայքարել ֆինանսական ճգնաժամի հետևանքների դեմ: Երկիրն իր խնդիրները լուծելու նպատակով 2013 թվականին դիմել էր Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության ֆինանսական օգնությանը: Օգնության ծավալը կազմել էր 10 մլրդ եվրո:

2012 թվականին Կիպրոսի բանկային համակարգը հայտնվել էր «փլուզման եզրին»:

Share