Բաժին. Տնտեսական

ԱԺ-ն քննարկել է տնտեսական ոլորտին վերաբերող մի շարք օրինագծեր

Հունիսի 19-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սուքիաս Ավետիսյանը:

Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացում հասկացությունը եւ այն մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաեւ կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները: Ինչպես նշեց Վախթանգ Միրումյանը, օրենքը վերաբերելու է խոշոր հարկ վճարողներին. մասնավորապես՝ նրանց, ում նախորդ տարվա իրացման շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դրամը, կամ նախորդ հաշվետու տարվա վերջի դրությամբ զուտ ակտիվները գերազանցել են 1 մլրդ դրամը կամ հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել է այնպիսի վերահսկվող գործարքի կողմ, որի գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը, կամ այն գործարարը, ով զբաղվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ: Օրենքի ընդունումը նպատակ ունի կանխելու հարկերից խուսափելու հնարավորությունները:

Օրինագծի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Բոլոր ելույթ ունեցողները կարեւորեցին օրենքի անհրաժեշտությունը, այդուհանդերձ, նշելով, որ օրինագծում առկա են մի շարք հակասություններ եւ այն լրամշակման անհրաժեշտություն ունի: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանն անդրադարձավ պատգամավորների առաջարկներին եւ դիտողություններին, նշելով, որ դրանցից շատերն ընդունելի են:

Փոխնախարարի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց նաեւ «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը:

Share