Բաժին. Տնտեսական

Տարոն Մարգարյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին. «ցանկացողները կարող են ձեռք բերել Փարքինգ Սիթի Սերվիսի բաժնետոմսերը և ստանալ ենթադրյալ գերշահույթը»

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Yerkir.am-ին տրված հարցազրույցում բացասական էր արտահայտվել Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպման աշխատանքների որակից:

Երկրորդ նախագահի այս արտահայտությանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով մասնավորապես ասել է. «Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երևան համայնքին վերապահված գործառույթ է և, հետևաբար, այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե։ Սակայն դա չի նշանակում, որ օրենսդրության սահմաններում համայնքին վերապահված և քաղաքում իրականացվող բոլոր ծառայությունների մատուցումը պետք է կազմակերպվի և իրականացվի միայն ու միայն անմիջականորեն քաղաքապետարանի կողմից։

Տվյալ պարագայում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայության մատուցումը, մայրաքաղաքում իրականացվող մի շարք այլ ծառայությունների նման, մրցութային եղանակով պատվիրվել է մասնավոր կազմակերպության, իսկ քաղաքային բյուջե ամբողջությամբ մուտքագրված գումարներից վճարվում է մատուցված ծառայությունների դիմաց։

Օպերատորին մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող գումարները փոխկապակցվել են Երևան քաղաքի բյուջե հավաքագրվող գումարների հետ (տոկոսային հարաբերակցությամբ) ռիսկերը նվազեցնելու և հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու տրամաբանությամբ, թերևս այս պարագայում այն կարող էր լինել հստակ պայմանագրային գումար և ուղղակիորեն վճարվել մատուցված ծառայությունների դիմաց։

Հավաքագրված գումարները քաղաքի բարեկարգման ծրագրերին ուղղելու վերաբերյալ առաջարկները տրամաբանական են և ականջահաճո, սակայն այդ գումարներն առաջին հերթին պետք է ուղղվեն ծառայության կազմակերպման և հավաքագրման ծախսերը ծածկելու նպատակով: Իսկ թե որ չափն է շահավետ տրամադրել այդ ծառայությունների դիմաց, ապա այն կատարված ծախսերի ծախսածածկման և սահմանված դրույքաչափով հավաքագրված գումարների շրջանակում իրենից ներկայացնում է թվաբանական գործողության արդյունք և լիարժեք վերահսկելի գործընթաց է։

Չփորձելով հաշվապահական հաշվառման մակարդակում ներկայացնել օպերատորի շահութաբերության հարցը, կառաջարկենք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ այս ծառայությունը ներկայումս ապահովում է բավարար շահութաբերություն, օգտվել օպերատորի հայտարարությունից և կատարված ներդրումների արժեքով ձեռք բերել կազմակարպության բաժնետոմսերն ամբողջությամբ և ստանալ ենթադրյալ գերշահույթները»։

Share