Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. համաշխարհային տնտեսությունը «չի արդարացնում» իրեն

Այսօր համաշխարհային տնտեսության աճի ներուժը շատ ավելի փոքր է, քան ավելի վաղ կանխատեսել էին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանները: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը: Ըստ նրա՝ չնայած ԱՄՀ-ի «հիասթափությանը», 2015 թվականին համաշխարհային տնտեսությունը, այնուամենայնիվ, կակտիվանա:

Լագարդը խորհուրդ է տվել տարբեր երկրներում տնտեսական աճը խթանելու նպատակով պետական միջոցների հաշվին ընդլայնել ներդրումները ենթակառուցվածքներում, կրթության և առողջապահության ոլորտներում՝ միևնույն ժամանակ պահպանելով պետական պարտքը վերահսկելի մակարդակում:

Ընթացիկ տարվա համար ԱՄՀ-ի վերլուծաբանները կանխատեսում են ամերիկյան տնտեսության աստիճանական վերականգնում: Միևնույն ժամանակ, սպասվում է, որ Չինաստանի տնտեսությունը կգրանցի «հարաբերական» կայություն:

Նշենք, որ ԱՄՀ-ի վերջին գնահատականների համաձայն՝  2013 թվականին զարգացած տնտեսությամբ երկրներում տնտեսական աճը կազմել է 1,3%, իսկ զարգացող երկրներում՝ 4,7%: Առանձին երկրների և տարածաշրջանների համար գնահատականներն այսպիսին են. 2013 թվականին ԱՄՆ-ն գրանցել է 1,9% տնտեսական աճ, Եվրոգոտու տնտեսությունը գրանցել է 0,4% անկում, Ճապոնիայի տնտեսությունը աճել է 1,7%-ով, Չինաստանի տնտեսությունը՝ 7,7%-ով:

Share