Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Քարֆուր»-ի ներկայացուցիչներին

Հուլիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է  ֆրանսիական «Քարֆուր» ընկերության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալին և գրասենյակի ներկայացուցիչներ Լորան Նազետին ու  Վաչե Արսենին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Նախարարը ողջունել է աշխարհում երկրորդ ամենախոշոր հիպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան և նշել, որ նման ընկերության գործունեությունը Հայաստանում միայն կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:

Քրիստիան Դը Նալը նախարարին ծանոթացրել է «Քարֆուր»ի գործունեության 4 հենասյուներին` գներ, տեսականի, որակ,  հարմարություններ և ընկերության հիմնական արժեքներին` ազատություն, առաջընթաց, ազնվություն, պատասխանատվություն, աջակցություն, հարգանք, միասնություն: Նա նաև նշել է, որ  որ «Քարֆուր»-ն առաջին հերթին ձգտում է ներկայացնել և իրացնել տեղական արտադրանքը և այդ առումով համագործակցելու է տեղական արտադրողների ու մատակարարող ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված ընկերության ներկայացման ձևաչափի, գործունեության վայրի և բացման ժամկետի, տեղական մատակարար հնարավոր գործընկերների և մի շարք այլ խնդիրների հետ:
 
Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ նախարարությունն իր իրավասությունների շրջանակում կաջակցի ընկերությանը` հնարավորինս շուտ Հայաստանում իր գործունեությունը սկսելու համար:

Share