Բաժին. Տնտեսական

Google, Facebook, Twitter. Բջջային գովազդի հսկաները

Ամբողջ աշխարհում արագ տեմպերով զարգանում է բջջային ինտերնետը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այս շուկայում զգալի առաջընթաց է գրանցել Facebook-ը՝ ամրապնդելով իր դիրքը: 2014 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհի խոշորագույն սոցիական կայքի շուրջ 1,7 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող գովադային եկամուտների ավելի քան 62%-ը «ապահովել են» բջջային սարքերը: Նշենք, որ 2013 թվականի այս նույն եռամսյակում ցուցանիշը կազմել էր 41%:

Facebook-ին հաջողվել է մեծ առաջընթաց գրանցել բջջային ինտերնետի շուկայում շնորհիվ սոցիական կայքի ակտիվ «բջջային» օգտատետերի թվաքանակի շարունակական աճի: Այսօր Facebook-ի բջջային տարբերակից օգտվում է ամսական շուրջ 1,07 մլրդ օգտատեր: Տարեկան կտրվածքով ցուցանիշի աճը կազմել է 31%:

Նշենք, որ դեռևս 2012 թվականի սկզբին Facebook-ը բջջային ինտերնետի շուկայում պասիվ էր, սակայն Մարկ Սուկերբերգը և իր թիմը շատ կարճ ժամանակում հասկացան, թե ինչպես կարելի է գումար աշխատել այս շուկայում:

Ամերիկյա eMarketer վերլուծական ընկերության հաշվարկներով՝ 2014 թվականի արդյունքներով Facebook-ի մասնաբաժինը բջջային ինտերնետի համաշխարհային շուկայում կկազմի 22,3%: Ընկերությունը կզիջի միայն Google-ին, որի մասնաբաժինը գնահատվում է ավելի քան 50%: Երրորդ տեղում Twitter-ն է (կանխատեսվող մասնաբաժինը` 3%):

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բիզնես 24»-ը տեղեկացրել էր, որ 2014 թվականի երկրորդ եռամսյակում  Facebook-ի զուտ շահույթը կազմել է 791 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 138%-ով: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է 61%-ով և կազմել 2.91 մլրդ դոլար:

Share