Բաժին. Տնտեսական

Կայասցել է նորաստեղծ Հարկային խորհրդի առաջին նիստը

Բարեփոխումներին աջակցելու, հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով պետություն-գործարար համայնք արդյունավետ երկխոսություն ապահովելու նպատակով, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրամանով ստեղծվել է հարկային խորհուրդ, որի առաջին նիստում ներկայացվել են նորաստեղծ կառույցի hիմնական ուղենիշերը: Խորհուրդը ՀՀ ֆինանսների նախարարությանը կից խորհրդակցական մարմին է, որի գործունեության սկզբունքներն են՝ պահպանել քաղաքական չեզոքություն, ապահովել գործողությունների թափանցիկություն և բազմակարծություն: Նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործմանը. «Նպատակն է` պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսությամբ բարելավել և ընդլայնել հարկ վճարողների մասնակցությունը համակարգի բարեփոխումների գործընթացին»: Գագիկ Խաչատրյանը կարևորել է նաև խորհրդի ակտիվ մասնակցությունը Հարկային օրենսգրքի մշակման գործընթացին: Անդրանիկ նիստում քննարկվել են նաև բիզնեսից ներկայացված մի քանի նախաձեռնություններ, մասնավորապես Հայաստանում ձեռնարակտիրության տարածաշրջանային զարգացման ուղղությունները: Ըստ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի, առաջարկվել է սահմանամերձ գյուղերի համար արտոնյալ հարկման դաշտ ձևավորել: Տնտեսական աճին նպաստելու համար հարկային խորհուրդը քննարկել է նաև շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, մասնավորապես հարկային աջակցություն տրամադրելու հարցը: Վախթանգ Միրումյանի խոսքով` պետությունը կառուցապատողների համար մտադիր է ամբողջությամբ ֆինանսավորել հիփոթեքային վարկի տոկոսները` եկամտային հարկի մեխանիզմների տեսքով, ինչն իր հերթին կբերի հիփոթեքային տոկոսադրույքների  նվազեցման:

Խորհրդի մասնավոր հատվածի ներկայացուցիչները համոզմունք են հայտնել՝ նոր հարթակի միջոցով հնարավորություն կունենան արդյունավետ մասնակցել օրենսդրության և վարչարարության բարելավման գործընթացին, տնտեսական հարցերի քննարկմանը: Նշենք, որ Խորհրդի կազմում են ներկայացուցիչներ` ինչպես ֆինանսների նախարարությունից, այնպես էլ մասնավոր հատվածից  և միջազգային կառույցներից:

Share