Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստան է ժամանել շուրջ 0,5 մլն զբոսաշրջիկ

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետություն է ժամանել 495.9 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին Հայաստանն առավել գրավիչ է եղել ԱՊՀ երկրների, և առավելապես՝ Ռուսաստանի, ինչպես նաև ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիների համար:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստան էր ժամանել 924 հազար 965 զբոսաշրջիկ: 2012 թվականի համեմատ մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվն աճել էր 9.7%:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share