Բաժին. Տնտեսական

Շինարարության շարժիչ ուժն անշարժ գույքի և տրանսպորտի ոլորտներն են

Մեր երկրի շինարարության ոլորտն՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների, ունի համեմատաբար բարձր կենտրոնացվածություն: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին վեց ամսում մեր հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 25.5%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 13.6%-ը` տրանսպորտի ոլորտին:
Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի ոլորտում իրականացված շինարարության ծավալները կրճատվել են ավելի քան 20%-ով, և չնայած այս անկմանը՝ շինարարության ոլորտի համար շարունակում է բնութագրական մնալ կենտրոնացվածությունը անշարժ գույքի շուկայում:

Հաշետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տրանսպորտի ոլորտում իրականացված շինարարության ծավալները աճել են շուրջ 48%-ով:

Շինարարության ոլորտում առավել զգալի ակտիվություն գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում, որտեղ իրականացված շինարարության համախառն ծավալները աճել են 2,7 անգամ: Այս ոլորտի մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է 4.6%:

Նշենք նաև, որ շինարարության համախառն ծավալի շուրջ 9.8%-ը բաժին է ընկել էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը: Մշակող արդյունաբերությանը բաժին է ընկել շինարարության համախառն ծավալի 6.9%-ը, իսկ ջրամատակարարմանը, կոյուղու, թափոնների կառավարմանն ու վերամշակմանը՝  6.1%-ը:

Հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալն, ընթացիկ գներով, կազմել է 125,87 մլրդ ՀՀ դրամ:

Share