Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտն աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրում իրականացվել է 125,87 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 50%-ը իրականացնվել է կազմակերպությունների, 21%-ը՝  բնակչության միջոցների հաշվին:

Միևնույն ժամանակ, պետական բյուջեի միջոցների մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է 13.5%, համայնքային միջոցներինը՝ 5.6%-ը:  Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը կազմել է  8.3%: Մոտ 1.3%-ը իրականացվել է մարդասիրական օգնության միջոցների հաշվին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենտրոնական բանկը հրապարակել էր իր կանխատեսումները, որոնց համաձայն՝ շինարարության ճյուղում 2014 թվականին կգրանցվի ավելացված արժեքի շուրջ 2.5-4.5% աճ, որին, ըստ ԿԲ վերլուծաբանների, հիմնականում կնպաստեն պետական, համայնքային բյուջեների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող ճանապարհների, ոռոգման համակարգի, ջրամատակարարման, հանրապետության հյուսիսային սահմանակետերի և Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքները:

Նշենք նաև, որ 2013 թվականին մեր երկրի շինարարության ոլորտը գրանցել էր անկում՝ 8%-ով: Հաշվետու տարում իրականացվել էր 442,28 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

Share