Բաժին. Տնտեսական

Օգոստոսին սպառողական շուկայում արձանագրվել է 0.7% գնաճ

Օգոստոսին, հուլիսի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ծառայությունների ոլորտի սակագների ընդհանուր մակարդակի 2.2% հավելաճով: Հարկ է նշել, որ այս հավելաճը  բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 4.3% աճի արդյունք է (պայմանավորված 2014թ. օգոստոսի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ): 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 11.1%:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները աճել են 0.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնանկում:

Միևնույն ժամանակ, օգոստոսին, 2013թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 98.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 96.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.3%, ծառայությունների սակագներինը՝ 102.6%:

2014թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

2014թ. օգոստոսին, 2013թ. օգոստոսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 100.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`100.3%, ոչ պարենային ապրանքներինը` 100.7%, ծառայությունների սակագներինը` 101.8%, իսկ հունվար-օգոստոսին 2013թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 103.1%, 101.6, 102.0 և 106.6%:

Share