Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիսին գրանցվել է ներքին զբոսաշրջության 30% աճ

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում) տեղավորվել է 95 հազար 561 զբոսաշրջիկ (ՀՀ ռեզիդենտ): Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 30.4%-ով: Աճը հիմնական պայմանավորված է սոցիալական փաթեթի ներդրմամբ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին ներքին զբոսաշրջության  24.2%-ը կրել է գործնական,   60.7%-ը՝ հանգստի և ժամանցի,  6.4 %-ը՝ բուժման,  8.7%-ը՝ այլ նպատակ:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում, այսինքն՝ ներքին զբոսաշրջությունը որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունն է հիմնական բնակության երկրում՝ անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով), ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը գործունեությամբ զբաղվելը չէ, որի համար վճարվում է այցելած վայրում:

Share