Բաժին. Տնտեսական

Հայաստանում հնարավոր է «Մայքրոսոֆթ Վենչուրս» աքսելերատոր ստեղծվի

Սեպտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը:

Բարձր գնահատելով ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության արդյունքները` նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գիտելիքահեն տնտեսության զարգացումը, և այս համատեքստում համագործակցությունը ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև պետք է ավելի բարձր մակարդակի վրա դնել:

«Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսը նշել է, որ երկուստեք արդյունավետ համագործակցության փորձը հնարավորություն է ընձեռում քննարկել նոր ուղղություններով երկարաժամկետ համագործակցության և Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված նոր, հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել են նաև մտավոր սեփականության պաշտպանության և կիբեր հանցագործության ոլորտներին առնչվող խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև նոր փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը, որտեղ կամրագրվեն ընկերության հետ համագործակցության նոր ուղղությունները: Քննարկվել են նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքի վրա «Մայքրոսոֆթ Վենչուրս» աքսելերատորի ստեղծման և Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab ECA) հենքի վրա Մայքրոսոֆթի մոբայլ լուծումների/մշակումների կենտրոնի հիմնման հնարավորությունները:

Հանդիպման վերջում նախարար Կարեն Ճշմարիտյանը Փիլար Թորեսին հրավիրել է մասնակցելու ս.թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայանալիք «ԱրմԹեք 2014» գլոբալ համաժողովին, որի բացումն այս տարի կիրականացվի ՀՀ Նախագահի կողմից:

Share