Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին մեր երկրում իրականացվել է 159,93 մլրդ դրամի շինարարություն

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում իրականացվել է 159,93 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակում:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 47.7%-ը իրականացնվել է կազմակերպությունների, 20.4%-ը՝  բնակչության միջոցների հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում բիզնեսի միջոցներով իրականացված շինարարության ծավալներն աճել են 5.3%-ով, իսկ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությունը կրճատվել է մոտ 30%-ով:

Միևնույն ժամանակ, պետական բյուջեի միջոցների մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է 15.0%, համայնքային միջոցներինը՝ 7.6%-ը:  Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին շինարարության ոլորտ ուղղվող պետական միջոցներն աճել են 6.3%-ով, իսկ համայնքային միջոցները՝ ավելի քան 2 անգամ:

Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը կազմել է 7.6%: Մոտ 1.7%-ը իրականացվել է մարդասիրական օգնության միջոցների հաշվին:

Նշենք նաև, որ 2013 թվականին մեր երկրի շինարարության ոլորտը գրանցել էր անկում՝ 8%-ով: Հաշվետու տարում իրականացվել էր 442,28 մլրդ ՀՀ դրամի շինարարություն:

Share