Բաժին. Տնտեսական

ԻՏՁՄ. իրականացված ուսումնական ծրագիրը հաշմանդամություն ունեցողներին թույլ է տվել աշխատանք գտնել ՏՏ ընկերություններում

Սեպտեմբերի 19-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ ասուլիս` «Տեխնոլոգիական կրթությունը և աշխատանքը` որպես հաշմանդամություն ունեցողների համար հասարակության մեջ ինտեգրվելու միջոց» թեմայով:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական վորակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագրի արդյունքները:

Ծրագրի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք  «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնում վեբ ծրագրավորման համապարփակ մասնագիտական դասընթաց են անցել: Միաժամանակ ծրագրի մասնակիցները և դասընթացավարները ստեղծել են որոշակի կրթական բովանդակություն, որն առցանց հասանելի է ծրագրում չներգրավված հաշմանդամություն ունեցողներին՝ ինքնուրույն ուսուցման համար: Այդ նպատակով «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության աշխատակիցները, ծրագրի մասնակիցների աջակցությամբ, ստեղծել են i-gorc.am վեբկայքը, որը համալրվել է համացանցում առկա տեխնոլոգիական կրթական հարուստ բովանդակությամբ և հաշմանդամություն ունեցողների սոցիալական ցանց-միջավայրով:

Ծրագրի հաջորդ նպատակը հաշմանդամություն ունեցողներին աշխատանք գտնելու հնարավորության ընձեռումն է այնպիսի առցանց համակարգերում, որտեղ տեղադրվում են փոքրածավալ տեխնոլոգիական նախագծեր՝ տանից աշխատող ազատ ձեռներեցների համար: Դրա համար ծրագրի մասնակիցները նաև մարքեթինգային գիտելիքներ են ստացել՝ նշված համակարգերում պատվիրատուների հետ բանակցելու և պատվերներ ձեռք բերելու նպատակով:

Ինտենսիվ վարժանքների արդյունքում ցուցաբերած առաջադիմության հիման վրա 10 մասնակից կանցնեն աշխատանքի։

Ծրագրի ընթացքում իրականացվել է նաև ակտիվ հանրային իրազեկում՝ ուշադրություն հրավիրելով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրներին:

Share