Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ԱՄՆ-ում կմասնակցի ԱրմԹեք 2014 համաժողովին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կմեկնեն ԱՄՆ` մասնակցելու «ԱրմԹեք-14» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքի TKP համաժողովների կենտրոնում: Համաժողովի պաշտոնական բացումը կիրականացվի ՀՀ Նախագահի կողմից:

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» համաժողովը հնարավորություն է ընձեռնում քննարկել, ծրագրել և իրագործել Հայաստանի ներկայիս տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները, հայտնաբերել նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց, ամրապնդել առկա գործարար կապերը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների հայաստանյան և համաշխարհային համայնքների միջև, ինչպես նաև միջազգային մակարդակով բարձրացնել Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների պետական և մասնավոր հատվածի ու միջազգային կազմակերպությունների շուրջ 200 մասնակիցներ: «ԱրմԹեք 2014» համաժողովում կքննարկվեն ՏՏ ոլորտի կրթությանը, ձեռներեցությանը, նորարարություններին, տարածքային զարգացմանն առնչվող և մի շարք այլ արդիական հարցեր:

Նյու Յորքում կայանալիք «ԱրմԹեք 2014» համաժողովին նախատեսվում է մի շարք վերազգային կազմակերպությունների (IBM, Microsoft, Synopsys, Mentor Graphics, National Instruments, Oracle, D-Link, Google, Twitter և այլն), վենչուրային ֆոնդերի, սկսնակ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտի ուսանողների մասնակցությունը:

Share